Ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ առողջապահության ոլորտը կարգավորելու համար. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:
Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Նշվել է, որ տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի։ 2025 թ.-ի համար այն ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է․ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։
Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է՝ հասնելով 220 մլրդ դրամի։ «Այսինքն՝ ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ ոլորտը կարգավորելու համար»,– ընդգծել է վարչապետը։






























