Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին․ Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Մայամիում ռուսական պատվիրակության հետ 2-օրյա բանակցությունները գնահատել է «արդյունավետ և կառուցողական»։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և վարչակազմի ներկայացուցիչ Ջոշ Գրյունբաումը։


Ուիթքոֆֆը X սոցիալական ցանցում գրել է. «Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Ռուսաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ջանքերն ու աջակցությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման և գլոբալ անվտանգության վերականգնման գործում»։


Նման դիրքորոշում է ներկայացրել նաև բանակցություններին մասնակցած Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։


Սակայն կողմերը բանակցությունների բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակել։


Մայամիի ռուս-ամերիկյան հանդիպումից առաջ անցկացվել էին նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռօրյա բանակցություններ։ Ուիթքոֆֆի խոսքով՝ Կիևը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու նպատակին։ Նա հայտնել է, որ ուկրաինացի ներկայացուցիչների հետ քննարկվել են չորս փաստաթուղթ՝ ներառյալ 20-կետանոց խաղաղության պլանը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների փաստաթուղթը, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական զարգացման հետագա ծրագիրը։


Ուիթքոֆֆի փոխանցմամբ՝ բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել «ժամկետների» և «հաջորդ քայլերի հերթականության» հարցերի վրա։


«Խաղաղությունը պետք է դառնա ոչ միայն մարտական գործողությունների դադարեցում, այլև կայուն ապագայի արժանապատիվ հիմք»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ