ՌԴ-ում գիշերը խոցվել է մոտ 100 ԱԹՍ. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ պաշտոնական տեղեկության՝ 36 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզում, 17-ը՝ Բելգորոդի մարզում, ևս 15-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում։
Նշվում է, որ 7 անօդաչու սարք ոչնչացվել է Կասպից ծովի ջրատարածքում, 6-ական՝ Սամարայի և Աստրախանի մարզերում, իսկ 5-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում։
Բացի այդ, մեկական ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելյալ մանրամասներ հնարավոր վնասների կամ զոհերի վերաբերյալ չի հաղորդում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։ Արդյունքում քաղաքի մի շարք հատվածներ մնացել են առանց ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջեռուցման։





























