Վարչության անդամների թեկնածությունները քննարկվել են այնպես, ինչպես քննարկվել են մյուսների թեկնածությունները. Արուսյակ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հասցրել է լսել և ուսումնասիրել 380 առաջադրված թեկնածուներից ավելի քան 100-ի թեկնածությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։


Հարցին, թե կուսակցության 7-րդ համաժողովի ընթացքում պատվիրակների կողմից ընտրվել էր վարչություն, որի ժամանակ պատվիրակները քվեարկել էին առաջադրված 26 թեկնածուների օգտին, և եթե կուսակցությունում ժողովրդավարության կողմնակից են, ապա ինչու համաժողովում առավելագույն ձայներ ստացած անձինք չեն ընդգրկվում ցանկում, քանի որ ստացվում է, որ վարչությունը կարող է մերժել պատվիրակների կողմից հեղինակություն վայելող անձանց, Մանավազյանն ասելէ, որ անգամ վարչության նախագահը և վարչության անդամներն են համարվել թեկնածու։


«Վարչության անդամների թեկնածությունները քննարկվել են այնպես, ինչպես քննարկվել են մյուսների թեկնածությունները։ Այսինքն՝ որևէ մեկը որևէ ձևով առավելություն մյուս թեկնածուների նկատմամբ չի ունեցել։ Բոլորի թեկնածությունները քննարկվում են նույն սկզբունքով՝ հարց ու պատասխան, արձագանք, քննարկում և քվեարկություն։ Այդ ընթացակարգը պահպանված է բոլորի համար»։


Դիտարկմանը, թե Հայկ Սարգսյանի դեպքում վարչությունը մերժել է թեկնածությունը այն դեպքում, երբ նա ստացել է պատվիրակների 381-ի ձայնը, նա նշել է, որ որևէ մեկը առավելություն չի ունեցել։ «Օրինակ՝ երեկ վարչությունը քննարկել է նաև ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածու Ալխաս Ղազարյանի թեկնածությունը՝ նույն սկզբունքով, նույն ձևով, ինչպես քննարկել է մյուսների թեկնածությունները, ով նույնպես եղել է վարչության անդամի թեկնածու»։


«Փաստինֆո»-ի հարցին, թե Հայկ Սարգսյանն այսօրվա ճեպազրույցում հայտնել էր, որ 2021 թվականին նախընտրական ցուցակը հապճեպ կազմվել է վարչության կողմից, և ստացվում է, որ ինչպես 2021-ին վարչությունն է կազմել նախընտրական ցուցակը, հիմա էլ նույն կերպ վարչությունն է որոշում, թե ով պետք է լինի ցուցակում, հետևապես ինչ ժողովրդավարական սկզբունքի մասին է խոսքը, Մանավազյանը պատասխանեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ժամանակ չի եղել։


«Ես այն ժամանակ վարչության կազմում չեմ եղել և չգիտեմ, թե վարչությունն ինչպես է որոշել։ Այն ժամանակ էլ ես թեկնածու եմ եղել, իմ թեկնածությունը դիտարկվել է, վարչությունում քննարկվել է, բայց ինչ կրիտերիաներով, ինչպես են որոշել՝ ինչու և որ տեղում պետք է լինեմ, ես տեղյակ չեմ։ Ամեն դեպքում, վարչությունը կոլեգիալ մարմին է, և վարչությունն է որոշում։ Ով համաձայն չէ որոշման հետ՝ բողոքարկում է, քննարկում ենք, բայց դա վարչության որոշումն է և վերջ։ Թե ինչի և ինչպես, դա էլի վարչության որոշման սահմաններում է»,- ասել է Մանավազյանը։

Քաղաքականություն

Պատահարներ