Պետք է աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան

Մենք «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախնական նախագծում մտածում էինք ունենալ հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում քաղաքացու հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք համակարգի շահառո՞ւ են այն անձինք, որոնք մի քանի տեղ են աշխատում, և նրանց աշխատավարձի հանրագումարն է կազմում 200 հազար դրամ և ավելի:


«Ըստ էության, ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազար դրամից ավելի լինի, որպեսզի նա 2026 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ:


Բայց 2027 թվականից, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»,- տեղեկացրել է նախարարը:


Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:


Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական արդյունքների ապահովմանը:



Քաղաքականություն