Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը․ վարչապետը՝ սահմանի բացման մասին

Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։


Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։ Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ես պետք է նաև այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին։


Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր Արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, երկու Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։


Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

Քաղաքականություն