Ֆրանսիայի նախկին նախագահը մերժել է Մակրոնի առաջարկը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով 21 օր է անցկացրել բանտում, իր «Բանտարկյալի օրագիրը» գրքում պատմել է, որ ֆրանսիացի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ պատիժը կրելուց առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հրաժարվել է «ավելի անվտանգ» ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուց և ընդհանրապես «արտոնյալ վերաբերմունքից»։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
«Ես նրան ասելու ոչինչ չունեի, և տրամադրված չէի ընկերական զրույցի», - հրատարակությունը մեջբերում է «Բանտարկյալի օրագիրը» գրքից, որտեղ նկարագրվում է նախկին նախագահի հանդիպումը Մակրոնի հետ։ Գրքում նշվում է, որ Սարկոզին հրաժարվել է Ֆրանսիայի ղեկավարի առաջարկից՝ իրեն տեղափոխել ենթադրաբար ավելի անվտանգ բանտ, ինչպես նաև ցանկացած այլ արտոնությունից, բացի խցի մոտ հերթապահող պահակախմբից։
Ըստ Politico-ի տվյալների գրքի տեքստում ներկայացված են նաև այլ քաղաքական գործիչներ։ Այսպես, Սարկոզին աջակցության համար շնորհակալություն է հայտնում «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին, ինչպես նաև ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր, իր քաղաքական հակառակորդ Ժան-Լյուկ Մելանշոնին, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի մեկնաբանել իր ձերբակալությունը։ Ֆրանսիայի նախկին նախագահը նաև հայտարարում է, որ երկրի նախկին վարչապետ Միշել Բարնիեն հարցում է ուղարկել բանտում իրեն այցելելու համար։
Ֆրանսիայի 70-ամյա նախկին նախագահը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբակցությանը մասնակցելու մեջ՝ նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման գործով, սակայն արդարացվել է պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի մեղադրանքներով։ Ընդ որում, դատարանը չի հաստատել 2007 թվականի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման փաստը։ Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 21-ին նա սկսել է կրել պատիժը Փարիզի XIV շրջանի Սանտե բանտի մեկուսարանում, որտեղ անցկացրել է 21 օր։
Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Սարկոզիի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը չեղարկելու և նրան դատական հսկողության տակ փոխանցելու մասին։ Դատական հսկողության պայմաններով՝ նրան արգելվում է լքել Ֆրանսիայի տարածքը և շփվել Ֆրանսիայի արդարադատության գործող ցանկացած նախարարի հետ դատավարության ընթացքում, ներառյալ Ժերալդ Դարմանենի հետ, ով մինչև ներկայիս որոշման հրապարակումը այցելել էր նրան Սանտե բանտում։ Սարկոզիի վերաքննիչ բողոքի քննարկումը, որը ներկայացվել էր սեպտեմբերի վերջին կայացված դատավճռի դեմ՝ նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով, սպասվում է 2026 թվականի մարտին։