Կասեի` մի՛ հայհոյեք, պարոն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք. ՔՊ պատգամավոր
Ես առհասարակ պատարագների չեմ գնում և դրա չակերտավոր մեղավորը եղել է հենց Գարեգինը և իր քահանաները: Դա չի եղել այսօր կամ 2018 թվականից հետո: Ես հասկացել եմ, որ այդ մարդիկ էտալոնը չեն, որտեղ ես պիտի պատարագի գնամ, իրենց վարքը 30 տարվա ընթացքում բերել է ինձ այն մտքին, որ եթե ես Աստծո հետ խոսելու բան ունեմ, իմ միջնորդը ոչ Գարեգինը, ոչ նրա նման քահանաները, ոչ էլ շենքը չեն: Եթե ես Աստծո հետ խոսելու կարիք ունեմ, հիմա, այստեղ կանգնած էլ կարող եմ խոսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
«Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին. եթե ես վստահ լինեի, որ ինքը վատ կամ սխալ բան է անում, շատ ավելի շուտ կհեռանայի: Ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում, ինքը Հայաստանի համար լավագույնն է անում: Ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանն ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է»,-նշել է նա:
Լրագրողի հարցերին ի պատասխան՝ Պողոսյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Սրբազանին թիրախավորող հայհոյախառը գրառմանը, ասելով՝ «Վարչապետն արդեն ասել է, որ ինքը չպետք է այդպես աներ, ինքն իր ասածի համար ներողություն է խնդրում: Ես չեմ ասել այդպիսի բան, ինձ ինչի՞ եք ստիպում ներողություն խնդրեմ։ Ես երբեք ոչ մեկին չեմ հայհոյել, ես կարծում եմ հայհոյանքը վատ բան է, հատկապես քաղաքական դաշտում, հայհոյում են այն ժամանակ, երբ սպառվում են փաստարկները»:
Հարցին՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորն ասել է վարչապետին, որ ճիշտ չէ անում նման արտահայտություն անելով, Պողոսյանն ասել է՝ այդ ժամանակ Կառավարական շենքում չի եղել, այլապես կասեր՝ «Պարո՛ն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք այդպես, նույնիսկ եթե զայրացած եք»:
«Կասեի, բայց առիթ չի եղել»,-եզրափակել է Քրիստինե Պողոսյանը:





























