Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոր դատական որոշում
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանը շարունակելու է մնալ կալանավորված։ «Փաստինֆո»-ին դատարանը հայտնել է, որ նրա կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում, իր նորակառույց տան մոտ, սպանվել է Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որն այդ պահին գտնվել է Գրիգորյանի կողքին՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած և ներկայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին Արծրուն Գալստյանն է։ Հանցագործը, ըստ տվյալների, եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած անձանց, դիմահար կրակահերթ արձակել, իսկ Գրիգորյանի ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով հարվածներ հասցրել նրան, ապա հեռացել է։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենքի շրջանառություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործով մեղադրյալ են 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որոնք երկուսն էլ պահվում են կալանքի տակ։ Նշվում է, որ սկզբնական փուլում իրավապահ մարմինները առաջ էին մղել վենդետայի վարկածը և ձերբակալել Օհանյանին՝ ամիսներ առաջ եղբոր սպանության հետ հնարավոր կապի հիման վրա, ապա ձերբակալվել է նաև Գևորգ Հարությունյանը, որին մեղադրում են սպանության իրականացման մեջ։ Միաժամանակ նշվել է, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։
Աղբյուրները հայտնել են, որ Հարությունյանը բանակում չի ծառայել և, հետևաբար, չի կարողացել ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նշվել է, որ նրա նկատմամբ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, անցկացվել են կրակման պարապմունքներ, այսինքն՝ հատուկ պարապել է Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերևս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։ Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։





























