ՀԷՑ-ի 1 813 աշխատակիցներ ստացել են հավելյալ պարգևավճար
ՀԷՑ-ի աշխատավարձային ֆոնդում կուտակված խնայողությունների հաշվին 1 813 աշխատակիցներ կրկին ստացել են լրացուցիչ պարգևավճար։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընկերության գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի ղեկավարները հերթական անգամ չեն ստացել պարգևավճար՝ ապահովելով մի քանի տասնյակ միլիոն դրամ խնայողություն աշխատավարձային ֆոնդում։ Նրա խոսքով՝ հատուկ հրամանով խնայված գումարը համաչափ բաշխվել է այն աշխատակիցների միջև, որոնց անցյալ ամսվա աշխատավարձն ու պարգևավճարը միասին չեն գերազանցել 200 հազար դրամը (նրանց վճարովի հարկերը ներառյալ)։
Արդյունքում այդ աշխատակիցների վարձատրությունը ավելացել է 10–20 տոկոսով։ Այս խմբում ընդգրկված են տեսուչներ, հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ։ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԷՑ-ի բարեխիղճ ու ազնիվ աշխատակիցներին՝ ընդգծելով, որ ընկերությունը ծառայում է հանրությանը։





























