Հասարակություն

Փոփոխություն կրթության ոլորտում. կնվազի ավագ դպրոցում ծանրաբեռնվածությունը

Mariam Z.
Փոփոխություն կրթության ոլորտում. կնվազի ավագ դպրոցում ծանրաբեռնվածությունը

ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նշել է, որ նախագիծը հիմնված է նոր չափորոշչով դպրոցների աշխատանքի փորձի, իրականացված վերլուծությունների և առկա խնդիրների գնահատման վրա։


«Ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը՝ հանրակրթության որակի բարձրացումը, լինի ավելի նպատակային և գրանցի ավելի մեծ արդյունքներ»,-նշել է Անդրեասյանը։


Նրա խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ընդլայնել սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները, հատկապես ավագ դասարաններում։


Նախարարը հիշեցրել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը հաստատվել է 2021 թվականին, նախ փորձարկվել Տավուշի մարզում, իսկ 2023 թվականից փուլային տարբերակով ներդրվել բոլոր դպրոցներում։ Այժմ այն գործում է 1-11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականի սեպտեմբերից ամբողջությամբ կներդրվի նաև 12-րդ դասարանում։


Անդրեասյանի խոսքով՝ գաղափարական փոփոխություններ չեն կատարվում, և պահպանվում է այն մոտեցումը, որ կրթությունը պետք է ներառի գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և դիրքորոշումներ։


Փոփոխություններով նախատեսվում է ուսումնական պլանների ձևավորման ավելի ճկուն համակարգ։ Նախարարի խոսքով՝ դպրոցները հնարավորություն կունենան պետական պարտադիր բաղադրիչին զուգահեռ առավել լայնորեն հաշվի առնել համայնքային և սովորողների կարիքները։


ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է նաև ընդլայնել նախագծային ուսուցումը։ Առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր կիսամյակում դպրոցներում իրականացվի առնվազն մեկ նախագիծ, որոնցից մեկը՝ բնագիտական ուղղվածությամբ։


«Նախագծային ուսուցման միջոցով երեխաները սովորում են աշխատել մի խնդրի վրա սկզբից մինչև վերջ՝ սկսելով խնդրի ձևակերպումից մինչև դրա լուծման ճանապարհների որոնումն ու եզրակացությունների հանգելը»,-ասել է նախարարը։


Էական փոփոխություններ են նախատեսվում նաև 10-12-րդ դասարաններում։ Նախարարության առաջարկով՝ այն աշակերտները, որոնք ավարտական կամ միասնական քննությունները հաջողությամբ կհանձնեն հունվարին, երկրորդ կիսամյակում հնարավորություն կունենան կենտրոնանալ նախագծային, հետազոտական կամ կամավորական աշխատանքների վրա։


Նախագծով նախատեսվում է նաև ներդնել ինտեգրված և մոդուլային ուսուցման մոտեցումներ, որոնք թույլ կտան նվազեցնել առարկաների թիվը՝ առանց բովանդակության ծավալը կրճատելու։


Փոփոխություններով կարգավորվում է նաև սովորողների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու երեխաների առողջության պահպանման անհրաժեշտությունը։


Ընդլայնվում է նաև անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի բաղադրիչը։ Մասնավորապես՝ նախնական զինվորական պատրաստություն առարկայում ներառվելու են տեղեկատվական և քաղաքացիական անվտանգության, ինքնապաշտպանության և գոյատևման տարրական հմտություններին վերաբերող թեմաներ։


Նախատեսվում է նաև առողջ ապրելակերպի խմբակը ներառել առարկայական բաղադրիչում։


Բացի այդ, սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչի պարբերական վերանայման մեխանիզմ․ այն կարող է վերանայվել յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ իրականացված վերլուծությունների հիման վրա։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250