
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են ծաղիկների արտահանման խնդիրը

Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում: Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի օրեր առաջ հնչեցրած մտահոգությունը՝ «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Ռուսական կողմից համապատասխան նամակ ստացել ենք հունիսի 3-ին: Իրենք կարծում են, որ երրորդ երկրներից Հայաստան են ներմուծվում ծաղիկներ, որոնք այնուհետև հայկական սերտիֆիկատով արտահանվում են Ռուսաստան:
Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստան ներմուծվող ծաղիկների ծավալն այնքան մեծ չէ, որ կարողանանք նաև վերաարտահանել: Այդ ծաղիկները սպառվում են Հայաստանում: Միաժամանակ, Հայաստանի հնարավորություններն ու հզորությունները թույլ են տալիս փաստաթղթում նշված քանակության ծաղիկներ արտահանել Ռուսաստան»,- ասել է Անուշ Հարությունյանը:
Անուշ Հարությունյանը հավաստիացրել է, որ ուսումնասիրությունների ավարտին խնդիրն անպայման կքննարկվի ռուսական կողմի հետ՝ հնարավորինս արագ կարգավորելու նպատակով:
«Այս պահին կատարվում են ուսումնասիրություններ և ընթանում են բանակցություններ: Ռուսական կողմի հետ քննարկում ու փորձում ենք կարգավորել խնդիրը: Գործընթացի ավարտին դրա մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նա: