Աշխարհի ամենաուժեղ կինը զրկվել է իր տիտղոսից. պարզվել է, որ նա տղամարդ է
Ամերիկացի մարզիկ Ջեյմի Բուքերը զրկվել է «Աշխարհի ամենաուժեղ կինը» մրցույթի հաղթողի տիտղոսից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա ծնվել է տղամարդ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Բուքերը հաղթել էր կանանց կատեգորիայում նոյեմբերի 20-23-ը Տեխասի Արլինգտոն քաղաքում անցկացված Պաշտոնական Ստրոնգմենի խաղերում։
Սակայն մի քանի օր անց կազմակերպիչները որակազրկել են նրան՝ հայտարարելով, որ նա խախտել է մրցույթի կանոնները, որոնց համաձայն՝ մարզիկները պետք է մրցեն իրենց ծննդյան պահին ունեցած կենսաբանական սեռին համապատասխանող կատեգորիայում։
«Այս կատեգորիայում մրցել է մի մարզիկ, որը կենսաբանորեն տղամարդ է, բայց այժմ իրեն կին է համարում։ Մրցաշարի պաշտոնյաները տեղյակ չէին այս փաստի մասին մրցույթից առաջ, և մենք անմիջապես հետաքննություն սկսեցինք, երբ ստացել ենք այս տեղեկատվությունը։ Եթե մենք դա իմանայինք նախօրոք, նրան թույլ չէր տրվի մասնակցել կանանց կատեգորիայում»,- ասվում է կազմակերպիչների Instagram-ի հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ կանոնակարգի խախտումը ենթադրում է ավտոմատ որակազրկում, ինչի հետևանքով Բուքերի հաղթանակը չեղարկվել է, իսկ արդյունքները կվերանայվեն։





























