«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Բոլաթը նշել է, որ Թուրքիան երեք մայրցամաքների հատման կետում ունեցած լոգիստիկ կամրջի դիրքը փոխակերպում է աշխարհատնտեսական առավելության։ Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմանայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս–Ստամբուլ–Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություններ են, որոնք նպատակ ունեն ամրապնդելու Թուրքիայի դիրքը համաշխարհային առևտրում։
Շարունակելով խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նախարարը հայտարարել է, որ այն Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ։ «Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,– ասել է նա։
Բոլաթը նշել է, որ ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա արտահանումները անցնում են Սարպի սահմանային անցակետով՝ շուրջ 950 կիլոմետր։ Նրա խոսքով՝ միջանցքի բացումից հետո Թուրքիա–Ադրբեջան ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր, իսկ Չինաստան–Եվրոպա գծով տարանցման ժամանակը կփոքրանա 5–7 օրով, ծախսերը՝ 15–20 տոկոսով։
Նախարարը հավելել է, որ չնայած աշխարհաքաղաքական մրցակցության նվազեցումը բարդ է, առևտրային ներուժը կարող է նպաստել այդ խոչընդոտների հաղթահարմանը։ Նրա գնահատմամբ՝ երկարաժամկետ առումով Զանգեզուրը կարող է դառնալ տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագիծ։ Նա ընդգծել է, որ Զարգացման ճանապարհը և միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների, այլև դիտարկվում են որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցական ուղիներ։
Բոլաթը նաև նշել է, որ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ, գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք և էլեկտրահաղորդման գծեր, իսկ Թուրքիան շարժվում է լոգիստիկ, արտադրական և էներգետիկ կենտրոն դառնալու ուղղությամբ։





























