Էսկալացիա` հայ-ռուսական հարաբերություններում. The European Conservative
The European Conservative պարբերականն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածությանը և Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինի առաջարկի մերժմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած «փափուկ, խելամիտ և փոխշահավետ ապահարզանի» տարբերակից։ Մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության ղեկավարը մերժել է այն տեսակետը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրոպական միության հետ կապերի սերտացման և Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու միջև։
Մինչ այս, ՌԴ նախագահն առաջարկել էր Հայաստանին իրականացնել քվեարկություն՝ պարզելու համար երկրի արտաքին տնտեսական ուղղվածությունը՝ ԵՄ-ի հետ սերտացում կամ Մոսկվայի տնտեսական դաշտում մնալը։ Պուտինը նաև նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը համապատասխան հետևություններ կանի այդ արդյունքների հիման վրա։
Ինչպես նշում է պարբերականը, այս զարգացումները տեղի են ունենում ամիսներ շարունակ աճող լարվածության պայմաններում։ Ապրիլ ամսին Հայաստանը ազդարարեց, որ հնարավոր է վերանայվի անդամակցությունը ռուսական կողմի գլխավորած կառույցներին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մոսկվան զգուշացրեց Եվրոպական միության ու ԱՄՆ-ի հետ ավելի սերտ գործակցության հնարավոր հետևանքների մասին։