Քաղաքականություն

Փաշինյանը հանդես է գալիս պատերին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքներով. Իվետա Տոնոյան

Mariam Z.
Փաշինյանը հանդես է գալիս պատերին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքներով. Իվետա Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները Ծառուկյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ և խոսել նախընտրական քարոզարշավի ընթացքից։


Իվետա Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ վարչապետի հայտարարությունները չեն ազդի քաղաքացիների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվե տալու որոշման վրա, քանի որ գործընթացն ունի տարիների քաղաքական փորձ։


«Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն որոշում հունիսի յոթին իրենց վստահության քվեն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը տալու, որևէ դեպքում նրանց վրա սա չի անդրադառնալու, որովհետև որևէ մեկի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական մանիպուլյացիաների և այդ հռետորաբանության այսպես փայլուն օրինակ է և ժամանակ առ ժամանակ, երբ անհրաժեշտություն կա հանրության ուշադրությունը այս կամ այն թեմայից շեղելու, նա հանդես է գալիս նման լեքսիկոնով, նման սպառնալիքների լեզվով, պարբերաբար այսպես պատերին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքներով», — հայտարարել է Տոնոյանը։


Խոսնակի դիտարկմամբ՝ հասարակությունը նման խոսույթի վերջին տարիներին բազմիցս է ականատես եղել։ Նա նաև կասկածի տակ է դրել իշխանության դիրքորոշումը իրավական հարցերում՝ նշելով, որ վարչապետը փորձում է ուղղակիորեն ազդել իրավապահ համակարգի վրա։


«Նիկոլ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր այս համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Ես որևէ տրամաբանություն այս դեպքում չեմ տեսնում», — ասել է նա։


ԲՀԿ ներկայացուցիչն ընդգծել է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ շեշտելով, որ քաղաքական հայտարարություններով չեն կարող փոխարինվել իրավական գնահատականները։ Տոնոյանը մտահոգություն է հայտնել, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց պայքարը լարված ու ոչ կառուցողական փուլում է։


«Շատ ցավում եմ, որ քաղաքական պայքարը քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց այսօր գտնվում է այս փուլում», — նշել է նա։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և կուսակցության թիրախավորմանը՝ խոսնակը դա պայմանավորել է ԲՀԿ վարկանիշով։


«Ես առավել քան վստահ եմ, որ իրենք տիրապետում են սոցիոլոգիական հարցումներին, և կարծում եմ, որ այս ցայտնոտային վիճակի հիմնական պատճառներից մեկը նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության Գագիկ Ծառուկյանի շատ բարձր վարկանիշն է», — ասել է նա։


Ըստ Տոնոյանի՝ իշխող ուժի կիրառած խոսույթն արձանագրվում ու քննադատվում է նաև սոցիոլոգիական դիտարկումներում։ Նա հավելել է, որ իշխանությունները հակասում են իրենց իսկ հռչակած ժողովրդավարական արժեքներին։


«Ինձ համար սա ցավալի փաստ է, բայց կրկնում եմ՝ ես առավել քան վստահ եմ, որ մեր ազգաբնակչությունը ունի բավարար քաղաքացիական և քաղաքական գիտակցություն՝ հունիսի յոթին համարժեք գնահատական տալու», — նշել է նա։


Խոսելով ընդդիմադիր դաշտի զարգացումների մասին՝ Տոնոյանը հայտնել է, որ վերջնական գնահատականներ հնարավոր կլինի տալ միայն ընտրություններից հետո։


«Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում և որևէ բանի մասին չի կարելի այսպես կանխագուշակության սինդրոմով առաջնորդվելով խոսել», — ասել է նա։

Գագիկ Ծառուկյանի՝ բանավեճերին հնարավոր մասնակցության վերաբերյալ խոսնակը պարզաբանել է, որ վերջնական որոշում դեռ չկա։


«Դեռևս քննարկում չկա, որովհետև դեռ բավականաչափ ժամանակ կա, նախընտրական վերջին բանավեճը, կարծեմ, հունիսի 3-ին կամ 4-ին է պլանավորված», — ասել է նա՝ հավելելով, որ հարցը կորոշվի ավելի ուշ։

Տոնոյանը քննադատել է նաև խաղաղության մասին իշխանական հայտարարությունները՝ դրանք անվանելով քաղաքական շանտաժ։


«Եթե իրենց այսքան չարչրկված խաղաղությունը այլևս իրականություն է, ինչի՞ց են նրանք վախենում», — հարցրել է նա։

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն կողմնակից է պատերազմի բացառմանը, իսկ անվտանգությունը պետք է երաշխավորվի միջազգային համագործակցությամբ ու տնտեսության զարգացմամբ։


«Սա տարրական և էլեմենտար շանտաժ է, ընդամենը, որով Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին ենթարկում է շանտաժի», — նշել է Տոնոյանը։

Խոսնակը քննադատության է ենթարկել նաև կառավարության ներկայացուցիչների վարքագիծը, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրավական նորմերին։ Նա նշել է, որ որոշ պաշտոնանկություններ եղել են քաղաքականացված։


«Ես ձեզ փոխքաղաքապետերի օրինակը բարձրաձայնեցի… մենք գնալու ենք իրավական ճանապարհով», — ասել է նա։

Ասուլիսի վերջում Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է նախընտրական հանդիպումները՝ պահպանելով կառուցողական խոսույթ։


«Շնորհակալություն ուշադրության համար, մեր հանդիպման այս ձևաչափը մենք փորձենք դարձնել ավանդական», — եզրափակել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250