Հայկական ձկնամթերքը՝ ՌԴ թիրախում. Մոսկվան խոսում է հնարավոր կեղծման մասին
«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում: Հայտնում է գերատեսչությունը։ Մասնավորապես նշել են՝ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը կստուգի այն ընկերությունները, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ եվրոպական ծագում ենթադրվող կեղծված ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ներկրված ծիածանափայլ իշխան ձկան նախնական ստուգումն ու նյութերի, այդ թվում՝ լուսանկարների վերլուծությունը, կասկածներ են առաջացրել օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։
«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը մորֆոլոգիական հատկանիշներով չէր համապատասխանում ներկրված ձկանը։ Այն ուներ տվյալ տեսակին ոչ բնորոշ գունավորում և անոմալ մեծ քաշ՝ ավելի քան 5.5 կգ։ Սա վկայում է, որ ձուկը պատկանում է սաղմոնազգիների այլ տեսակի կամ իշխանի այլ տեսակների, ինչը ապրանքի կեղծման նշան է։ Սաղմոնի աճեցումն ու վաճառքն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է հայտնվել հատուկ տնտեսական միջոցների (պատժամիջոցների) ազդեցության տակ»,- նշել են Ռոսսելխոզնադզորում։
Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հայկական կողմի խնդրանքով, իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մատակարարումն ապահովելու նպատակով, նախատեսվում է Ռոսսելխոզնադզորի ստուգում Հայաստանի բուսաբուծական ձեռնարկություններում։ Ծառայությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքում ԵԱՏՄ անդամ երկրների համար վտանգավոր կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի հետ։
Գերատեսչությունում նաև հայտնել են, որ ներկայում Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչության ուժերով ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը, իսկ 2026 թվականի մայիսի 19-ից նախատեսվում է ներգրավել նաև լրացուցիչ մասնագետներ Ռոսսելխոզնադզորի կենտրոնական ապարատից։