ՌԴ ՀՕՊ-ը հայտնում է 93 ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին
Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը անցած գիշերվա ընթացքում խոցել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ երկրի չորս մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 93 անօդաչու»։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն նշում է, որ դրանցից 45-ը խոցվել է Բելգորոդի մարզի, 9-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 7-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզի երկնքում։
Բացի այդ, պաշտոնական տվյալներով՝ 4 ԱԹՍ ոչնչացվել է Վորոնեժի մարզի, 20-ը՝ Սև ծովի, իսկ 8-ը՝ Ազովի ծովի վրա։
Հիշեցնենք, որ ՌԴ աղբյուրների գնահատմամբ՝ ուկրաինական ուժերը պարբերաբար կիրառում են անօդաչու թռչող սարքեր և այլ միջոցներ՝ գնդակոծելով Ռուսաստանի սահմանամերձ տարածքները, այդ թվում՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։





























