Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում: Ընտրելուց հետո լրագրողի հարցին ի պատասխան Գարեգին Երկրորդը նշեց․


«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ այն արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և մեր այստեղ ապրող ժողովրդին պարգեւի բարօր կյանք»։


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են:


Նոյեմբերի 16-ին՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:


Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:


Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):


Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։


Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 հազար 866 է։


Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12:00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

Քաղաքականություն