Հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն. Փաշինյան

Ուրախ եմ արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Իհարկե, ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուադրության կենտրոնում է «Թրամփի ուղի» նախագծի ավելի լայն համատեքստը ավելի կարևոր է։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առումով մենք արդեն մի փուլ ենք մտել, որտեղ «Հյուսիս–Հարավ» նախագիծը ստանում է միս ու արյուն։ Այս տարի արդեն կբացենք Գյումրիից Երևան հատվածը, որը հիմա գործնականում պատրաստ է, ուղղակի կահավորման աշխտանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ–Քաջարան հատվածն է կառուցվում շատ արագ տեմպերով։ Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ ուշադրության ներքո է Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։


Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում, որ տեղի է ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն. Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստան՝ ՌԴ–ից և Ղազախստանից։ Իհարկե, առայժմ Ադրբեջան–Վրաստան–Հայաստան երթուղով։


Խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանից ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով և Սյունիքի մարզով: Նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ:


Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է, մնացած բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես մենք դեռ ներդրումներ ունենք անելու»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ