Հայաստանում բանկերը սահմանափակել են կանխիկ ռուբլու մուտքագրումը հաշվեհամարներին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մի շարք երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները հաշվեհամարներին՝ որոշ դեպքերում սահմանելով բարձր միջնորդավճարներ։ Այս մասին գրում է «ՌԲԿ»-ն։
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են կանխիկ գումարի ընդունմանը, որի համար որոշ ֆինանսական կառույցներ արդեն սահմանել են լրացուցիչ միջնորդավճարներ կամ մասամբ սահմանափակել են նման գործառնությունները։
Հայաստանի մի շարք բանկերում, ըստ հրապարակման, ընդհանրապես դադարեցրել են կանխիկ ռուբլի ընդունելը հաշվեհամարներին։ Այսինքն՝ մարդիկ կարող են ռուբլին միայն անկանխիկ տարբերակով օգտագործել՝ փոխանցումներով կամ այլ ձևերով։
Ըստ հրապարակման՝ Բելառուսում առնվազն ութ բանկ, այդ թվում «Ալֆա-բանկը», «Բելառուսբանկը», «ԲելՎԷԲ»-ը, «ԲՆԲ-բանկը», «ՄՏԲանկը», «Սբերբանկը», «Տեխնոբանկը» և «Ցեպտեր Բանկը», կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանել են 2–5% միջնորդավճար։ Սա նշանակում է, որ կանխիկ գումար դնելիս հաճախորդները ստիպված են վճարել հավելյալ տոկոս՝ կախված բանկի քաղաքականությունից։
Նմանատիպ քայլ է իրականացրել նաև Ղազախստանը։ Մասնավորապես, «Ցենտրկրեդիտ» (ԲՑԿ) բանկը կանխիկ ռուբլու ընդունման համար սահմանել է 5% միջնորդավճար՝ այն կիրառելով դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով կատարվող գործառնությունների վրա։
Ղրղզստանում նույնպես գրանցվել են փոփոխություններ․ «ԷկոԻսլամիկԲանկը» բարձրացրել է սակագները ինչպես կանխիկ ռուբլու ընդունման, այնպես էլ SWIFT փոխանցումների համար։
Փորձագետների գնահատմամբ՝ նման փոփոխությունների հիմնական պատճառը ռուսական ռուբլու կանխիկի ավելցուկն է տարածաշրջանում։ Բանկերի համար այդ գումարի պահպանումը, տեղափոխումը և ստուգումը կապված է լրացուցիչ ծախսերի հետ, իսկ որոշ երկրներում դրա նկատմամբ պահանջարկը բավական ցածր է, ինչի հետևանքով նման գործառնությունները դառնում են ոչ շահավետ։
Բացի այդ, մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ երկրներում վերջին ամիսներին ավելացել է կանխիկ դրամական հոսքը, ինչը բանկերին ստիպում է խստացնել վերահսկողությունը։ Միաժամանակ, Ռուսաստանում ուժեղացել է կանխիկ գումարների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, ինչն իր հերթին ազդել է նաև տարածաշրջանային ֆինանսական հոսքերի վրա։
Ընդհանուր առմամբ, «ՌԲԿ»-ի տվյալներով, ստեղծված իրավիճակը կապված է ոչ միայն տնտեսական գործոնների, այլ նաև ֆինանսական վերահսկողության խստացման և կանխիկի շրջանառության սահմանափակման միտումների հետ, որոնք աստիճանաբար տարածվում են ԵԱՏՄ անդամ երկրների բանկային համակարգերում։