Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է՝ հրաժարվում է ռուսական տեխնիկայից. Մոսկվան դեռ չի արձագանքել

Ադրբեջանի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչը ենթադրում է ռուսական և խորհրդային զինտեխնիկայի աստիճանական դուրսբերում բանակից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցները։


Նոր ռազմական ուղղությունը ներառում է զենքի և տեխնիկայի գնումներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև զինծառայողների վերապատրաստում արևմտյան սարքավորումներով։


Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, նշել է, որ «Բաքուն սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի և դաշինքի այլ երկրների ռազմական կառույցների հետ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակին՝ «ազատագրված տարածքների վերականգնման և բանակի արդիականացման» ուղղությամբ։


Ալիևը նաև ընդգծել էր, որ երկիրը պետք է մշտապես պատրաստ լինի ցանկացած սպառնալիքի։

«Եթե որևէ մեկը փորձի սադրել Ադրբեջանին, նա դրա համար կզղջա», - ասել էր նախագահը դեռևս օգոստոսին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին։

Քաղաքականություն