Դատավորների միության հայտարարությունը` դատական համակարգում բարեփոխումների վերաբերյալ
Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն է տարածել դատական համակարգում բարեփոխումների վերաբերյալ: Հայտարարությունը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի:
Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադարձել է դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին:
Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):
Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGER AND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):
Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ:
Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.
1. Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը, կետ 45-րդ):
Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:
Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):
2. Արձանագրելով վերոգրյալը՝ Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից:
Դատավորների միությունը հորդորում է նաև զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկ հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնել՝ պահպանելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:
Դատավորների միությունն ընդունում է, որ արդի իրավական զարգացումներին համահունչ՝ դատական իշխանությունը ևս բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն մեր երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը և իրավակարգի ամրապնդմանը:
Ուստի Դատավորների միությունը պատրաստակամ է այդ հարցում շահագրգիռ անձանց կողմից համապատասխան կամք դրսևորելու դեպքում առողջ ու կառուցողական քննարկումներ ծավալել դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ՝ խնդրի լուծումը տեսնելով բացառապես իրավական դաշտում` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված դրույթների պահպանմամբ»:
ՀՀ դատավորների միության խորհուրդ
22.05.2019թ.