Իսրայելը սպառնում է ուժեղացնել հարվածները Լիբանանի հարավում
Իսրայելը կիրակի օրը նախազգուշացրել է, որ իր զինված ուժերը կուժեղացնեն հարվածները «Հեզբոլլահ» շարժման դեմ Լիբանանի հարավում՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական ավիահարվածի հետևանքով չորս զոհի մասին, հաղորդում է AFP-ն։
Չնայած 2024 թվականի նոյեմբերին «Հեզբոլլահի» հետ կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելը շարունակում է պահել զորքեր Լիբանանի հարավի հինգ շրջաններում և պարբերաբար հարվածներ է հասցնում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է․ ««Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում, իսկ Լիբանանի նախագահը հապաղում է։ Լիբանանի կառավարության պարտավորությունը՝ զինաթափել «Հեզբոլլահին» և դուրս բերել նրան հարավային Լիբանանից, պետք է կատարվի։ Առավելագույն ճնշումը կշարունակվի և նույնիսկ կուժեղանա․ մենք չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր հյուսիսային բնակիչների համար»։
Հազարավոր իսրայելցիներ, որոնք ապրում են Լիբանանի հետ հյուսիսային սահմանի մոտ, ստիպված են եղել ամիսներով լքել իրենց տները, երբ «Հեզբոլլահը» սկսեց հրթիռակոծել Իսրայելը՝ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի պատերազմի սկսվելուց հետո։
Սա հանգեցրել է ավելի քան մեկ տարի տևած հակամարտության, որի գագաթնակետը եղել է երկու ամիս տևած բաց պատերազմը՝ նախքան հրադադարի համաձայնագրի կնքումը։ 2024 թվականի սեպտեմբերին Իսրայելը սպանել է շարժման երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլային, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան ղեկավարների։
Հրադադարից հետո ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը Լիբանանի իշխանությունների վրա՝ պահանջելով շարժման զինաթափում, ինչին ընդդիմանում են «Հեզբոլլահը» և նրա դաշնակիցները։
Չնայած հրադադարին, Իսրայելը երբեք չի դադարեցրել ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ թիրախավորում է «Հեզբոլլահի» դիրքերը։ Վերջին օրերին հարվածները զգալիորեն ակտիվացել են։





























