Զելենսկին հերքել է Պոկրովսկի գրավման մասին Մոսկվայի հայտարարությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ընդունել Ռուսաստանի հայտարարությունը, թե ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի նկատմամբ։
Նա ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «այս պահին Պոկրովսկը շրջափակման մեջ չէ» և որ Մոսկվայի հայտարարությունները Ուկրաինայի պարտության մասին չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ Զելենսկին ընդունել է, որ շրջակա տարածքներում նկատվում է ռուսական զորքերի մեծ կուտակում, և «դժվար իրավիճակ է ստեղծվել բոլոր ուղղություններով»։
Նախագահը թույլատրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետևել իր խորհրդակցությանը, որին մասնակցել են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը։ Վերջինս հայտնել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։
Մալյուկի խոսքով՝ այս տարվա ընթացքում իրականացվել է մոտ 160 հաջող հարված, որոնք, ըստ նրա, նվազեցրել են Ռուսաստանի ներքին նավթամատակարարումները շուրջ 20 տոկոսով և զգալի վնաս հասցրել երկրի վերամշակող ձեռնարկություններին։





























