Բաքվում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի հարազատները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները հայտնում են, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։


Նրա փաստաբանները պնդում են, որ Էուլջեքջյանի կալանավորումն ու դատապարտումը կամայական են եւ խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։


Փաստաբանների կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված են երկու հիմնական փաստարկներ՝


1. իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն ռազմական դատարանը դատել եւ դատապարտել է նրան՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն դեպքում, երբ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։


2. «Վարձկան» մեղադրանքի սխալ կիրառում. որպես հայ քաղաքացի՝ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան՝ համաձայն Ժնեւի կոնվենցիաների։


Բացի դրանից, նրա փաստաբանները խնդրել են WGAD-ի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Դիմումը հղում է կատարում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր, գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությանը եւ Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ի (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները։


ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս, հետաքննում է ազատությունից անօրինական զրկման դեպքերը եւ տրամադրում է իրավական կարծիքներ, հրատապ բողոքներ եւ առաջարկություններ՝ այդ թվում ազատ արձակման եւ փոխհատուցման վերաբերյալ։


Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 11-ին։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման»։

Քաղաքականություն