Ազատությունը պահում եք ձեզ համար, մահը տալիս եք ժողովրդին. Կոնջորյան

Պարոն Մինասյան, որ ասում եք՝ ազգերի ինքնորոշումը մի՞թե ավելի պակաս կարևոր է, քան տարածքային ամբողջականությունը: Անկե՞ղծ եք: Բա որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր, Ղարաբաղն արդեն ինքնորոշված չէ՞ր, որ գնացել էիք, բանակցությունների ժամանակ պայմանավորվում էիք, որ պետք է լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետում: Եթե Ղարաբաղը, ձեր կարծիքով, ինքնորոշված էր, ի՞նչ հանրաքվեի մասին էր խոսքը, որ ապագայում պետք է լիներ ձեր բանակցությունների ժամանակ: Հիմա ո՞վ է ուրացել ի՞նչը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին:


Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, առաջարկեց անդրադառնալ Դաշնակցության կարգախոսներից մեկին՝ «Մահ կամ ազատություն»: «Ինչ է նշանակում այս կարգախոսը: Օրինակ՝ քաղաքական ազատությունը պետության համար ո՞րն է: Ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունն էլ ունի իր ատրիբուտները, օրինակ՝ սահմանազատված սահման: Բայց Դաշնակցության 004 շրջաբերականն ասում է՝ մեզ պետք չէ սահմանազատված սահման, ինչը նշանակում է, որ Դաշնակցությունը քաղաքական ազատությանը դեմ է, ազատությունը որպես քաղաքական սկզբունք չի ընդունում, այսինքն՝ Մահ կամ ազատության մեջ ազատություն չկա: Դաշնակցությունը հիմնված է մահվան գաղափարի վրա»,- նշեց պատգամավորը՝ նկատելով՝ այդպես Դաշնակցությունը դառնում է մահվան կուսակցություն:


«Խնդիրն այն է, որ դուք ազատությունը պահում եք ձեզ համար, մահը տալիս եք ժողովրդին: Մահ կամ ազատությունը Դաշնակցության համար դա է՝ ազատությունը ձեզ, մահը՝ ժողովրդին»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Քաղաքականություն