
Փարաքարի սպանված համայնքապետի ճակատագիրը սպառնում է մյուս ընդդիմադիր համայնքապետերին. Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցություն

Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցությունը դիմել է ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` տեղեկացնելով համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այդ մասին տեսաուղերձ է հրապարակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Հարգելի դեսպաններ, ՀՀ իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական ու ուժային տարբեր միջոցների կիրառմամբ իրականացնում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու քաղաքապետի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել ուժգնացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական հալածանք և բռնաճնշումներ իրականցնելու հրապարակային հայտարարությունից հետո»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։
ՀԿԿ–ն նշել է, որ Փաշինյանը արշավանք ու հալածանք է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչպես նաև բանտարկվում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։
«Սա մտքի ու խոսքի ազատության դեմ արշավանք է ժողովրդավարության քողի տակ։ Վերջերս Փարաքարի սպանված համայնքապետի ճակատագիրը սպառնում է և ազդակ է մնացած մյուս ընդդիմադիր համայնքապետերի համար։ Ուզում ենք ձեզ տեղեկացնել տեղի ունեցող և զարգացում ակնկալող այս բռնաճնշումների մասին»,– հայտնում են ՀԿԿ–ից։
Կոմունիստական կուսակցությունը Գյումրու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ԱԺ պատգամավորիներին հորդորում է միանալ այս հայտարարությանը։
Ի դեպ, Գյումրի քաղաքն այս պահին կաթվածահար վիճակում է. տրանսպորտը, երթևեկությունը կանգ է առել։