ԿԳՄՍՆ-ն նախազգուշացնում է Գյումրիում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է ուսումնական անխափան գործընթաց ապահովել` պահպանելով օրենսդրության պահանջները։ Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան էջում։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Քիչ առաջ Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։


ԿԳՄՍ–ն հայտնում է, որ ահազանգեր է ստացել, թե Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։


«Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության,ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։


ԿԳՄՍՆ-ն տնօրեններին և աշխատակիցներին հորդորում է դրսևորել քաղաքական զսպվածություն։ Գերատեսչությունը բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին զգուշացնում է ապահովել անխափան ուսումնական գործընթաց` նշելով, որ նախատեսում են ահազանգերի հիման վրա հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։

Քաղաքականություն