Հնարավոր է ճանապարհ փակեն. վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել

Նախորդ ակցիաներից հետո որևէ դրական փոփոխություն չի գրանցվել։ Այս մասին այսօր կառավարության դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։


Հիշեցնենք, որ վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել Ռուսաստանում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։


«Ոչ զանգել են, ոչ էլ որևէ բան ասել։ Բայց մենք ԵԱՏՄ-ից տեղեկություն ունենք, որ Միջին Ասիայի բեռնատարների վարորդների դեպքում այս օրենքը կասեցվել է»,- ասել է ակցիայի մասնաիցներից մեկը։


Ակցիայի մասնակիցը նշել է, որ նախորդ անգամ իրենց մոտեցել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Ի՞նչ ասաց, որ բավարավեինք։ Ասաց՝ բարձր մակարդակով զբաղվում են։ Ես էլ կարող եմ նման բան ասել՝ զբաղվում ենք»։ Վարորդը նշել է, որ հնարավոր է ճանապարհ կփակեն. «2018 թվականից հետո ինչպես տեսնում ենք, այդպես են հարցերը լուծում»։


Մեկ այլ վարորդ նշել է, որ այս գործին խելքը գլխին մարդ է պետք. «Սա պետության հարց է։ Եթե պետության համար չաշխատենք, չգնանք ցորեն ու այլ ապրանքներ բերենք, մեր պետությունը սոված կման։ Եթե մտածում են ռուսը բերի, վրացին բերի... Ինչո՞ւ բերի վրացին, ռուսը, ոչ թե հայը»։


Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, միչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։ Վարորդները նշում են, որ Ղազախստանը կարողացել է հասնել նրան, որ այդ կարգավորումը հավել է ղաղախ վարորդների համար, հետեւաբար, Հայաստանը ևս պետք է փորձի կարգավորել խնդիրը։

Քաղաքականություն