Իրական ազդեցությունները ՀՀ-ի վրա գործնականում մենք տեսնելու ենք 2-3 ամիս անց. ԿԲ նախագահը ռուսական պատժամիջոցների մասին

1994-1998թթ․ ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վրա Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությանը. «ՌԴ-ի հետ մենք միասնական տնտեսական միջավայրում ենք․ իհարկե, ազդելու է մեր տնտեսության վրա, ընդ որում՝ այդ ազդեցությունը լինելու է բազմաբնույթ»։ 

- Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն երևո՞ւմ են, թե՞՝ դեռ ոչ։ 

- Իրական ազդեցությունները գործնականում մենք տեսնելու ենք միառժամանակ հետո, դրանց մասին մենք կարող ենք խոսել 2-3 ամիս անց։ Եթե թվարկենք սպասվող խնդիրները, հատոր է պետք։ Գուցե ինչ-որ բաներ ի նպաստ Հայաստանի տնտեսության լինեն, ինչ-որ բան բացասական ազդեցություն ունենա, բայց, ամեն դեպքում, անորոշությունը տնտեսական գործառույթների համար ամենամեծ ռիսկն է։ 

Ռուսաստանի հետ մենք, իսկապես, հազարավոր կապեր ունենք․ միասնական տնտեսական միջավայր է՝ իր առանձնահատկություններով: Բացի ծավալուն առևտրատնտեսական կապերը՝ Ռուսաստանը մշտապես հանդիսացել է դեպի Հայաստան ֆինանսական հոսք ապահովող հիմնական երկիրը: Խոսքը և՛ կապիտալ ներդրումների մասին է, և՛ մասնավոր տրանսֆերտների, որում Ռուսաստանի դերը բացառիկ է, և որը էապես փոփոխվելու է առաջիկայում: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս իրավիճակում կրելու է էական կորուստներ: Արդեն տրվում են գնահատականներ, որ 2022թ. Ռուսասատանի տնտեսությանը սպառնում է երկնիշ տնտեսական անկում, որը կշարունակվի նաև հաջորդ տարի:  

Ռուսաստանի տնտեսական խնդիրների մասին խոսելիս՝ նշենք, որ առաջինը տուժելու է ֆինանսական ոլորտը, բանկային համակարգը, ինչն արդեն իսկ նկատելի է և առաջիկայում էապես խորանալու է: Անկումը դրսևորվելու է տնտեսության բոլոր ոլորտներում, նախևառաջ՝ տուժելու են շինարարությունը, սպասարկման ոլորտը, սպասվում է բարձր գնաճ, կտրուկ վատթարանալու է սոցիալական վիճակը։ Սա առանձնացնում եմ այն պատճառով, որ Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապերի մեջ մեծ դեր ունի աշխատանքային միգրացիան, որը լուրջ խնդիր կարող է դառնալ. շատերը գնում էին այնտեղ աշխատելու։ Ի դեպ, սա վերաբերում է նաև Ուկրաինային, որտեղ ևս ապրում և աշխատում են մեծաթիվ մեր հայրենակիցներ: Իհարկե, մասշտաբները տարբեր են, բայց խնդիրը Հայաստանի համար բավականին լուրջ է։ Հայաստանում պետք է օր առաջ ստեղծվեն նորանոր հնարավորություններ, բացվեն աշխատատեղեր, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք ստիպված են լինելու լքել այդ երկրները, կարողանան վերադառնալ, գտնել կացարան և աշխատանք։ Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք երկարատև զարգացումների հետ։ Եթե անգամ ռազմական գործողությունները այսօր ավարտվեն, տնտեսական վիճակը շարունակելու է վատանալ, պետք է սպասել ավելի բացասական դրսևորումների: Այս իրավիճակում Հայաստանը պետք է դառնա շինհրապարակ․ բազում նոր նախաձեռնություններ, աշխատատեղեր, բիզնեսի նոր հարթակներ, այլևայլ առաջարկներ պիտի ձևավորվեն հենց Հայաստանում։ 

- Ռուսական ռուբլին սկսել է նաև Հայաստանում արժեզրկվել, միաժամանակ՝ արժեզրկվել է հայկական դրամը։ Սա ի՞նչ հետևանքներ կունենա։ 

- Մեր տնտեսությունները փոխկապակցված են, բայց ամենաքիչ փոխկապակցումը ֆինանսական, բանկային հատվածի միջև է։ Ռուսական ռուբլին արժեզրկվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում։ Հայաստանը ռուբլու համար շուկա չի․ եթե գործառնությունների ծավալը նայենք, մեր շուկայում ռուբլին, ըստ էության, դերակատարություն չունի։ 

Դրամի արժեզրկում ունեցել ենք նաև անցած տարի։ Փորձը ցույց է տալիս, որ այս մասսայական անհանգստության ժամանակ փոքր գումարների տեր մարդիկ կորցնում են։ Բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգիստ են, խորհուրդ կտամ մինչև այս կամ այն փոխարկմանը գնալը՝ ևս երեք անգամ մտածել։ Անցած տարի փոխանակման կետերի մոտ հերթեր էին, մարդիկ իրենց թոշակն անգամ դոլար էին դարձնում, բայց հետո շատ կորցրեցին։ 

- Մեր տնտեսությունն ունա՞կ է դիմակայել այս մարտահրավերներին։ 

-Այո, ունակ է։ Ողջ հարցն այն է՝ ինչպես, ինչ քայլերի ու ծրագրերի միջոցով։ 

Այս շաբաթը շատ բան փոխեց աշխարհում, այս հարաբերությունների մեջ իր խնդիրը կունենա նաև Հայաստանը։ Աշխարհը փոխվել է, մենք նոր աշխարհում ենք ապրում, փոփոխությունների՝ ոչ միակ, սակայն կարևոր հատվածը տնտեսությունն է։ Նոր տիպի տնտեսական հարաբերություններ պետք է ձևավորվեն։ 

Բայց արդյո՞ք մեր կառավարությունը պատրաստ է նոր խնդիրներ արձանագրել ու լուծումները տալ։ Վերջին 2-3 տարիների գործունեությունը, ցավոք, չի վկայում դրա մասին։ Քաղաքական հատվածը պետք է լրջանա. մեր իշխանությունները ոչ թե աշխատում են, այլ ավելի շատ ձև են անում, թե աշխատում են։ Իրար աչք հանելով, կլոունադայով՝ ոչ մի բանի չենք բերելու երկիրը։ Օրենսդրությամբ դրված պարտավորությունների շրջանակում պետք է խնդիրներ դրվեն և լուծումներ առաջարկվեն իշխանության բոլոր հատվածների կողմից։ 

- Ռուբլու արժեզրկման հետևանքները մեր տնտեսության վրա մեղմելու համար արդյո՞ք Կենտրոնական բանկը բավարար չափով է կիրառում իր հնարավորություններն ու գործիքակազմը։ 

- Կենտրոնական բանկը՝ կոնկրետ արժույթի մասով, հատուկ անելիք չունի, չի կարող ռուբլին պաշտպանել, բայց պետք է հետևի արժութային շուկայի կայունությանը, հիմնական արժույթների տատանումներին, որ դրանք տրամաբանական շրջանակներից դուրս չգան։ Ռուբլին մեր շուկայում երկրորդային, երրորդային արժույթ է։ Պետք է ֆինանսական համակարգի մշտադիտարկում արվի, որպեսզի այստեղ նոր խնդիրներ չառաջանան, որ բանկերի վարքագծի մեջ էական շեղումներ չլինեն։ 

- Կարելի է ասել՝ Հայաստանի համար 2022թ․ ծանր տարի է լինելու։ 

- Միանշանակ՝ այո, բարդ տարի է լինելու, երկրում մթնոլորտ պետք է փոխել։ 

Առանց այդ էլ՝ անցած տարվա հիմնական նպատակին՝ տնտեսական անկման  վերականգնմանը, չհասանք։ Անցած տարի գրանցվել է ամենաբարձր, աննախադեպ գնաճը։ Հիմա պետք է դնել նոր հավելյալ խնդիրներ, ավելացնել ֆինանսավորում, ձևավորել նոր ծրագրեր և ապահովել այն լուծումները, որոնք պետք են մեր երկրին։

Քաղաքականություն