
Միրզոյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Մենք շատ լավ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ բազմաթիվ մակարդակներում՝ առաջնորդների, արտաքին գործերի նախարարների, հատուկ ներկայացուցիչների և տեխնիկական խմբերի մակարդակով։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսպիսով, այս երկխոսությունը տեղի է ունեցել առանց որևէ նախապայմանի սկզբից և շարունակվում է հիմա։ Ես անձամբ որևէ խնդիր չեմ տեսնում հայ-թուրքական սահմանի բացման մեջ, ինչպես նաև որևէ խոչընդոտ չեմ տեսնում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում»,- ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ թուրքական կողմը պատրաստ է բացել սահմանները, վերականգնել երկաթուղային կապերը և վերսկսել երկկողմ ուղիղ առևտուրը։
«Հետևաբար, ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք բավականին շոշափելի առաջընթացի կհասնենք այս ուղղությամբ։ Այս հարցը, կարծում եմ, կարող է լուծվել առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում։ Սա իմ սուբյեկտիվ գնահատականն է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։