
Անընդունելի է Արամ Ա-ի կողմից Փաշինյանի նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը․ ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոն անընդունելի է համարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի նախաձեռնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը։
«ՀՅԴ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարացիորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայ հանրության բուռն ընդվզումը», – ասվում է Բյուրոյի հայտարարության մեջ։ ՀՅԴ-ն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները համարում է ոչ միայն եկեղեցու, այլև «հայ ժողովրդի ինքնության» վրա ծրագրված հարձակում։ Կազմակերպությունն ընդգծել է, որ սա չի կարող ընկալվել որպես եկեղեցու և պետության միջև տիպիկ հակամարտություն։
Դաշնակցությունը կոչ է արել Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսություններին միավորել ուժերը՝ Հայ առաքելական եկեղեցին որպես «բացառիկ ազգային արժեք» պաշտպանելու համար և ընդգծել է հանրային աջակցության անհրաժեշտությունը։ «Մեր հորդորն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանվի ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 16-ին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի՝ Հայաստան կատարած այցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանի հետ նրա հանդիպման ժամանակ քննարկվել է եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցը։ Մասնավորապես, Արամ Ա-ի անունից Սարգիսյանն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել եկեղեցու և պետության միջև համագործակցության կարևորությունը: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվել, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ խոսել է ՀԱԵ շուրջ իրավիճակի մասին, հայտնել էին, որ նա նվիրել է Արամ Ա-ի հատորը և Փաշինյանին փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս հաղորդագրությունից հետո քննադատություններ էին սկսվել սոցիալական ցանցերում:
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել», մանրամասնելով, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը: