ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր մեր ոտքերից կկախվեն և թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատունը» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին որոշման նախագծերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպեսզի այս որոշումը ֆեյք տեղեկատվության առիթ չլինի, թե կառավարությունը փակում է մանկատները և գիշերօթիկ դպրոցները, խնդրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին մանրամասնել որոշումը:

Նախարարը ներկայացրեց, որ կազմակերպությունների լուծարումից հետո գոյացած դրամական միջոցները ամբողջությամբ տրամադրվելու են պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, ճգնաժամային աջակցման կենտրոնների ստեղծմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, ընտանիք վերադարձած երեխաների նյութական աջակցությունը:

«Կառավարության այս որոշումը մշակվել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար և չի նշանակում, որ կառավարությունը հրաժարվում այս երեխաների հանդեպ իր պարտականությունից, փոխվում է պարզապես աջակցման ձևը», - ասաց նա:

Վարչապետ էլ նշեց, որ սա բովանդակային բարեփոխում է: «Այս բարեփոխումները ուղղված են ընդդեմ հուսահատության, քանի որ գիշերօթիկի, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքը ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել: Եթե, օրինակ, նայենք ՀՀ-ում թե քանի մանկատան, գիշերօթիկ հաստատությունների սան է ընդունվել բուհ, քանի հոգի են մասնագիտություն ստացել, իրենց բարեկեցությունը ապահովել, խայտառակ պատկերի առաջ կհայտնվենք», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս առումով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն են նաև լուծում և ամեն ինչ անում են, որ երեխաներին վերադարձնեն ընտանիք:

Նա խոսեց նաև ընտանեկան բռնության դեմ տարվող քաղաքականությունից:

«Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության, կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ և մենք պետք է հատ-հատ հետևողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառվարաման համակարգից, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ նույնը վերաբերում է տարեցների կենտրոնի խնամքին:

«Եկեք մտնենք այդ կենտրոններ, տեսնենք, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ բառիս բուն իմաստով պահվում, և սրան նույնպես պետք է վերջ տանք: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չէ, որ մենք իդեալական համակարգ են ստեղծելու, բայց մենք ասում ենք, որ այս հուսահատության տրամաբանության մեջ չենք համակերպվելու և այս ճանապարհին ոչ մեկ չի կանգնեցնելու: Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է երկիրը առաջ տանելու մանդատ և բոլոր նրանց, ովքեր մեր ոտքերից կկախվեն և թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից և մեր ժողովրդի վստահությամբ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ որ սա բոլորը արձանագրեն, այդ թվում, պետական համակարգում ներգրավված մարդիկ», - ասաց նա:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ