
Իսրայելի բանակը ոչնչացրել է հութիների գլխավոր շտաբի պետին

Եմենի շիա «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ ալ-Գամարիի մահվան մասին:
Շարժման հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Յուսեֆ Հասան ալ-Մադանին:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը միաժամանակ հայտնել է, որ ալ-Գամարին չեզոքացվել է դեռևս օգոստոսին խմբավորման առաջնորդներին ՑԱԽԱԼ-ի հասցրած հարվածի հետևանքով, երբ զոհվել էին հութիների վարչապետը և մոտ մեկ տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նա հավելել է, որ Իսրայելը ցանկացած սպառնալիքի դեմ նմանատիպ գործողություններ կձեռնարկի նաև ապագայում։ Ինչպես գրում է «Times of Israel» թերթը, Մուհամմեդ ալ-Գամարին ամենայն հավանականությամբ, օդային հարվածի ժամանակ է վնասվածքներ ստացել։
Հիշեցնենք` հութիները Իսրայելի ուղղությամբ հարձակումներ սկսեցին 2023 թվականի նոյեմբերին՝ իսրայելական բնակավայրերի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից մեկ ամիս անց։ Նրանք Իսրայելի ուղղությամբ արձակեցին ավելի քան 130 հրթիռ, ինչպես նաև տասնյակ ԱԹՍ–ներ։ Ի պատասխան ՑԱԽԱԼ–ը 19 անգամ հարձակվեց Եմենում հութիների հենակետերի վրա։ Եմենի արմատականների առաջնորդ Աբդուլ Մալիք ալ-Հութին Գազայի հատվածում հրադադարի մասին հայտարարությունից հետո հայտարարեց, որ խմբավորումը կվերսկսի հարձակումները, եթե համարի, որ Թել Ավիվը չի կատարում համաձայնագրի իր մասը: