ՔԿ-ն` Երևանում բացահայտված վերջին տարիների ամենաաղմկահարույց ավազակային հարձակման մասին

Օրեր առաջ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ հայտնաբերել ու բացահայտել են այս տարվա, կարելի է ասել, ամենաաղմկահարույց, խոշոր չափի գողության փորձի դեպք, ինչպես նաև՝ զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:


Հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:


Նշված հասցե են ժամանել քրեական և համայնքային ոստիկանները, և տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Ռուսաստանի Դաշնության, ինչ-որ զինվորական համազգեստով, դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով մտել են Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող սեփական տուն, որի սենյակները տան տերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում՝ տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար և դիմել փախուստի:


Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչ 40-ամյա Մհեր Ռ.-ն, իսկ նրա հանցակիցներն են Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ 38-ամյա Մախմուդով Մ.-ն, 38-ամյա Ուսմանով Դ.-ն, 37-ամյա Կասիմով Մ-ն, 42-ամյա Յատիմով Հ.-ն, 45-ամյա Ջոմախմադով Մ.-ն, 28-ամյա Սատորով Մ.-ն, 43-ամյա Շոյեվ Դ.-ն և 27-ամյա Սայիդով Ֆ.-ն: Քրեական ոստիկաններին հաջողվել է Երևանում և մարզերում հայտնաբերել նշված անձանց և ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին:


Auroranews-ը մանրամասներ ճշտելու համար դիմեց ՔԿ, որտեղից ՔԿ-ի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը): 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»:

Քաղաքականություն

Պատահարներ