
Հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, սառը զենք և թմրամիջոց. 10 անձ է ձերբակալվել է

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
«Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18։00-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները՝ իրենց վարած չորս ավտոմեքենաներով: Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց:
10 անձ ձերբակալվեց և «Մերսեդես», BMW ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ձերբակալվածներից մեկի՝ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվեցին 41-ամյա տղամարդու խուզարկությամբ:
Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: