Խաղաղությունն ունի իր մարտահրավերները. Հակոբ Արշակյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը այսօր մասնակցել է «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025» միջոցառմանը:


«Կարեւոր է նշել, որ այս պարարտ հողը, որի վրա ամեն սերմ աճել եւ ծաղկում է, պայմանավորված է մարդկանցով, ովքեր այստեղ ներկա են: Այս համատեքստում նաեւ ուզում եմ ողջունել Երեւան այցելած մեր բոլոր գործընկերներին, ընկերություններին, սփյուռքի ներկայացուցիչներին եւ նրանց ասել, որ, իսկապես, ձեր ցանած սերմերը հուսալի ձեռքերում են: Այն միջավայրը, որտեղ ցանկանում եք ձեր գործունեությունը ծավալել, սովորել, աշխատել, գիտությամբ զբաղվել, ինժեներությամբ զբաղվել, իսկապես, կարող է պտուղներ տալ»,- նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգին եւ փաստել՝ այսօր տարածաշրջանում քայլում ենք խաղաղության ճանապարհով ու տեսանելի են այն համառ ու գործնական քայլերը, որոնք բերելու են տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղությանը:


«Խաղաղությունն ունի իր մարտահրավերները, պատերազմի ժամանակները, հակամարտություններն ունեն իրենց մարտահրավերները, բայց այս մարտահրավերները հաղթահարվում են առաջին հերթին մարդկանց, տաղանդավոր մարդկանց՝ ինժեներների, գիտնականների, ուսանողների, այն մարդկանց շնորհիվ, որոնք այսօր այստեղ են»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ ելույթի ավարտին եւս մեկ անգամ հաջողություն մաղթել «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025-ի» աշխատանքներին:



Քաղաքականություն