Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը լարվեց դատարանում. ինքնաբացարկի պահանջ հնչեց

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը քաղաքական ուժերի հայցի քննության ընթացքում դարձյալ հայտնվել է քննադատական հարվածների ներքո։


Քաղաքական ուժերին հարցեր հղելու հնարավորությունից օգտվելով՝ Սաֆարյանն անդրադարձել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ հայտարարություններին, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրողների դիրքորոշման վրա։ Հարցի ձևակերպման պատճառով հայցվոր քաղաքական ուժերի միջև տարբերություն չի դրվել, ինչին անմիջապես արձագանքել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ դատարանից պահանջելով դադարեցնել քաղաքական ուժերի նույնացումը, հակառակ դեպքում նա կպահանջի դատավոր Սաֆարյանի ինքնաբացարկը։


Իրավիճակը հարթելու նպատակով Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հստակեցրել է հարցի բովանդակությունն ու հասցեատիրոջը։ Այդուհանդերձ, դատարանի նախագահը ստիպված է եղել հանդես գալ որպես թարգմանիչ՝ «սաֆարյանականից» հանրամատչելի ձևով հայերեն թարգմանելու համար, ինչը տարօրինակ տեսք ուներ։ Այստեղ պարզվել է, որ հարցը ամենևին էլ չի վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ), այլ վերաբերում էր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքներին։ Սաֆարյանն իր հարցին ավելացրել է նաև այն միտքը, թե արդյոք ընտրողների վրա ազդել է Հայաստանի «ուկրաինական ուղու» հիշատակումը։


«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հստակեցրել է՝ հարցը իրավակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ է կրում։ Դիլանյանը կրկին հարկ է համարել միջամտել՝ նշելով, որ հայցերում կան նմանատիպ բովանդակությամբ դրույթներ, իսկ ընդհանուր առմամբ՝ հնարավոր չէ հստակորեն տարանջատել հարցի իրավական և քաղաքական կողմերը։


Վարդևանյանը հիշեցրել է ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ուղղակիորեն և հասցեականորեն աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։ Սա միանշանակ արտաքին աջակցություն է, ընդգծել է իրավաբանը։ «Տպավորություն է ստեղծվում, որ Սեդա Սաֆարյանը հակափաստարկներ է ներկայացնում, այլ ոչ թե հարցեր տալիս»,- շեշտել է Վարդևանյանը՝ կրկին բարձրացնելով Սաֆարյանի մասնակցության թույլատրելիության հարցը, քանի որ նրա վարքագիծը կասկածի տակ է դնում վերջինիս օբյեկտիվությունը։


Սաֆարյանն այդ ընթացքում շարունակել է զարգացնել միտքը՝ «փաստարկների» թվին ավելացնելով պատժամիջոցների հիշատակումը։ Արամ Օրբելյանն իր բողոքն է արտահայտել Սաֆարյանի գործողությունների դեմ, ինչի համար ՍԴ նախագահի կողմից նկատողություն է ստացել։


«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ տիկին Սաֆարյանը շփոթում է, բայց դաշինքի հայցում նման բան չկա, իսկ քաղաքական ուժերի նույնացումն անհասկանալի հիմքեր ունի։ Մինասյանը հիշեցրել է, որ հարցի հասցեատերը պետք է լիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որը պատասխանատու է նախընտրական գործընթացի վրա ունեցած ազդեցության գնահատականների համար, ինչպես նաև իրավապահ մարմինները։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք այդքան անհանգստացնում են Սաֆարյանին, ապա Սեդա Սաֆարյանն ինքը պետք է այդ մասով հաղորդում ներկայացներ իրավապահ մարմիններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250