
Ապօրինի աղբավայրերի շահագործումը կկանխվի. շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Շրջակա միջավայրի նախարարությունը թափոնների կառավարման ոլորտի խնդիրները լուծելու, թափոնների կառավարման համակարգի կատարելագործումը և օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց: Վերջինիս առնչվող ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի նիստին ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
«Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «թափոնների պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, թափոնների գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտականությունը բացասական հետևանքների նվազման կամ վերացման ուղղությամբ:
Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները և գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության ու լիազոր մարմնի իրավասությունները»,- ասել է նա:
Առաջարկվող լրացումներով կամրագրվի նաև ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմ, ինչի շնորհիվ կսահմանվեն թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններ ու պահանջներ: Կհստակեցվեն նաև վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում: