ՆԱՏՕ-ն ընդլայնում է գործողությունը Բալթիկ ծովում դրոնների պատճառով
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կուժեղացնի իր առաքելությունը Բալթիկ ծովում: ՆԱՏՕ-ն «ուժեղացրել է զգոնությունը» Բալթյան երկրներում:
Դաշինքը գործի կդնի հակաօդային պաշտպանության ֆրեգատը, ինչպես նաև հետախուզական և դիտարկման միջոցները Դանիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ի սկզբանե «Բալթյան պահապան» առաքելությունը մեկնարկել էր Բալթիկ ծովի ստորջրյա ենթակառուցվածքը պաշտպանելու համար: Դա պատասխան էր կապի մալուխների, խողովակաշարերի վնասման հաճախակի դեպքերին, որոնք անցնում են ծովի հատակով։ Հունվարին դաշինքի երկրները տեղակայեցին ֆրեգատներ, պարեկային ավիացիա և ծովային անօդաչու թռչող սարքեր: Թե որ երկրներին լրացուցիչ ռազմական ուժեր կտրամադրեն, չի հստակեցվում։
Մի քանի օր առաջ անհայտ դրոններ են նկատվել Դանիական Օլբորգի, Էսբյերգի, Սեներբորգի օդանավակայանների, ինչպես նաև Սկրիդստրու ավիաբազայի վրա: Անհայտ անօդաչու թռչող սարքերը թռչում էին Դանիական ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Կարուպ ավիաբազայի վրայով, հայտնում է The Guardian-ը:
Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ն գործարկել է «Արևելյան պահակ» գործողությունը՝ արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար: Դրա մեկնարկի պատճառը, ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպն է։






























