
Սպանությունների դեպքերը նվազել են, ապօրինի զենքի հայտնաբերումները՝ կրկնապատկվել. ՆԳՆ խոսնակ

Հայաստանում 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպանությունների դեպքերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ութ ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ 2-ով նվազել են սպանության դեպքերը։ Նվազել են նաև հրազենով կատարված հանցագործությունները»,- ընդգծեց նա։
Սարգսյանը անդրադարձավ նաև շրջանառվող կարծիքներին, թե երկրում կրակոցների քանակն աճել է և իրավիճակը անկառավարելի է. «Այդ կրակոցների գերակշիռ մասը կապված է խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթների հետ և հիմնականում վերաբերում է օդաճնշիչ ատրճանակից կրակոցներին կամ օդ կրակելու դեպքերին։ Ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, անհիմն պնդում է»։
Նրա խոսքով՝ 2025-ի ութ ամիսներին ոստիկանությունը գրեթե երկու անգամ ավելի շատ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։