
Դանիայի ամենամեծ ավիաբազայի վերևում ԱԹՍ-ներ են նկատվել

Դանիայի ամենամեծ ռազմական բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել. փոխանցում է France 24-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք է նկատվել Կարուպի ավիաբազայի վերևում», – հայտնել է ոստիկաններից մեկը՝ նշելով, որ սարքերը չեն խոցվել: Ոստիկանության աշխատակիցը նաև հրաժարվել է մեկնաբանություն տալ սարքի ծագման վերաբերյալ:
Դանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այս գիշեր անօդաչու թռչող սարքեր են նկատվել մի քանի ռազմական օբյեկտների մոտ, սակայն չի նշել, թե որոնք են դրանք։ Կարուպի ավիաբազայում, որտեղ տեղակայված են Դանիայի զինված ուժերի բոլոր ուղղաթիռները, ծառայություն է իրականացնում մոտ 3500 մարդ։
Կարուպի ռազմաօդային բազան թռիչքուղիներ է կիսում քաղաքացիական Միդտյուլանդ օդանավակայանի հետ։ Օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր անօդաչու թռչող սարքերի թռիչքների պատճառով, բայց թռիչքների ուշացումներ չեն եղել, քանի որ այդ պահին թռիչքներ նախատեսված չէին։
Այս շաբաթվա սկզբին անօդաչու թռչող սարքեր են նկատվել Օլբորգի, Էսբյերգի, Սյոնդերբորգի և Շկրիդստրուպի ռազմաօդային բազայի վրա։ Բացի այդ, երեքշաբթի գիշերը Կոպենհագենի օդանավակայանը լիովին դադարեցրել էր թռիչքները մի քանի խոշոր անօդաչու թռչող սարքերի պատճառով։