
Թուրքիան ավելացրել է ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Իսրայելի վրա ճնշումը՝ Գազա հումանիտար օգնության անխափան հասանելիության համար։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ավելացրել է ջանքերը այդ հակամարտության դադարեցման համար ու կարևորել է անհապաղ հրադադարի և տևական խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը։
Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։