Հայտնաբերվել է 18 կրակված պարկուճ, դեպքը տեսագրվել է. քննիչը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, վերջինիս ընկերոջ՝ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է ԲԿ և ստանում է բուժօգնություն: Այդ մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը:


«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի մահվան փաստի առթիվ, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է 44-155-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:


Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ և առաջնահերթ ապացուցողական և վարութային բոլոր գործողությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են նմուշառումներ: Հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 18 հատ, որոնք ևս վերցվել և առգրավվել են:


Դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք վկաներ, և շարունակաբար կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ, նաև ոստիկանության հետ համատեղ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս թարմ հետքերով և շուտափույթ բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա:

Քաղաքականություն