Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է

Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը:  


«Պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային և արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024թ տարեվերջի և 2025թ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 և 384.3 դրամ»,-ասաց Հովհաննիսյանը: 


Դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով: Նախարարի խոսքով՝ նոմինալ առումով պետական պարտքը դրամով կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: Նա վստահեցրեց՝ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղենիշների մեջ: Միջին կշռված տոկոսադրույքը 2025-ի առաջին կիսամյակում 2024-ի վերջի համեմատությամբ մնացել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 7.2 տոկոս: Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:

Քաղաքականություն