Սա Հայաստանի համար կլինի «դարի գործարքը»․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․


«Իշխանության քարոզչությունը կայանում է նրանում, որ TRIPP-ին այլընտրանք չկա և ընդդիմությունը խաղաղության այլ ծրագիր չի կարող առաջարկել:


Մենք արդեն հանդես ենք եկել «Զանգեզուրյան տրանսպորտային հանգույց» ծրագրով, որն իր մեջ ներառում է TRIPP գումարած BRICS տրամաբանությամբ երկաթուղիների կառուցում:


Այսինքն, մենք ոչ թե հրաժարվելու ենք TRIPP-ից, քանի որ, լավ թե վատ, միջազգային պայմանագրերից հրաժարումը հանգեցնելու է վատ հետևանքների, այլ համատեղելու ենք հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումը TRIPP-ի հետ, որը տնտեսապես կհամադրի նաև BRICS երկրների տնտեսական շահերը տարածաշրջանային այլ երկրների շահերի հետ և Զանգեզուրը՝ կոնսորցիումի միջոցով ներդաշանակելով բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը, կդառնա տրանսպորտային հանգույց, որտեղից բոլոր երկրները կունենան իրենց մասնաբաժինը:


Սա թույլ կտա ունենալ ոչ թե անվտանգային և տնտեսական միայն մեկ երաշխավոր՝ ԱՄՆ֊ի տեսքով, այլ սրան կմասնակցեն և Ամերիկան, և Ռուսաստանը, և Իրանը, և Հնդկաստանն ու Չինաստանը՝ Զանգեզուրը դարձնելով աշխարհաքաղաքական հաշտության խաչմերուկ և տարածաշրջանային տրանսպորտային հանգույց:


Սա Հայաստանի համար կլինի «դարի գործարքը» ու կապահովի կայուն խաղաղություն և զարգացում:


Սա արդեն իսկ մանրամասն պլանավորված և մշակված ծրագիր է, որը կհրապարակեմ շուտով»,-գրում է Զուրաբյան։

Քաղաքականություն