
ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու երկու տարբերակ է պատրաստում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է մեխանիզմներ՝ Ուկրաինայի համար «փոխհատուցման վարկեր» ապահովելու նպատակով սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու համար, առաջարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է Financial Times-ը։
Ըստ Financial Times-ի հինգ աղբյուրների՝ տարբերակներից մեկը ենթադրում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում պահվող մոտ 170 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվների օգտագործումը՝ զրոյական տոկոսադրույքով ԵՄ պարտատոմսեր գնելու համար, որից հետո ստացված կապիտալը կփոխանցվի Ուկրաինային։
Երկրորդ տարբերակը ներառում է հատուկ նշանակության կառույցի (special purpose vehicle, SPV) օգտագործումը՝ ֆինանսավորումը կառավարելու համար, որը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին հնարավորություն կտա մասնակցել այդ սխեմային։
Եվրոպական հանձնաժողովի մշակած մեխանիզմները նպատակ ունեն հաղթահարելու մի շարք երկրների, մասնավորապես՝ Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առարկությունները։ Նրանք մտահոգված են, որ ակտիվների բռնագրավումը կարող է խախտել իրավական դրույթները կամ խաթարել եվրոյի՝ որպես պահուստային արժույթի նկատմամբ վստահությունը։
Սակայն, ըստ Bloomberg-ի երկու աղբյուրների՝ Գերմանիան այժմ «դուրս է եկել որպես ռուսական միջոցներից եկամուտները մեծացնելու հիմնական կողմնակիցներից մեկը»։ Ըստ նրանց՝ Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը բխում է այն մտահոգություններից, որ եթե Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինային թուլանա, Ուկրաինային օգնելու բեռը կընկնի Գերմանիայի ուսերին, ինչը կարող է ավելի խթանել երկրում ծայրահեղ աջ ուժերի աճը։
Financial Times-ը գրում է, որ Միացյալ Նահանգները ևս ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա։ G7 երկրներին ուղղված Վաշինգտոնի հուշագրում, որին ծանոթացել է պարբերականը, նշվում է, որ Մեծ Յոթնյակի անդամ երկրները պետք է «քննարկեն ռուսական ակտիվների հիմնական կապիտալը նորարարական եղանակով բռնագրավելու հնարավորությունը Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար»։
Financial Times-ի տվյալներով՝ ԵՄ ֆինանսների նախարարները նախատեսում են քննարկել փոխհատուցման վարկերի գաղափարն այս շաբաթ Դանիայում անցկացվելիք հանդիպման ժամանակ։