
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:
Մինչ մրցաշարի մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մասնակիցներին ու անձամբ իր հեծանիվով անցավ մրցաշարի համար նախատեսված տարածությունը:
Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:
7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը:
10-12-րդ դասարանների մրցաշարում հաղթեց Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցը, երկրորդ հորիզոնականում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ երրորդը Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցն է:
Մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ Գեղարքունքի մարզի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Այն նախագիծը, որը նախորդ տարի սկսեցինք՝ մեր դպրոցների համար հեծանիվներ ձեռք բերեցինք՝ իր նպատակին ծառայում է: Այն, ինչը կատարվում է այստեղ, կուլմինացիան է այն բազմաթիվ հեծանվավազքերի, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Այս ամենի խորքային նպատակը առողջ ապրելակերպ ունենալն է, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելն է: Այդ ամենը պետք է սերմանվի դպրոցից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս տարի մասնակիցների թվի աճ է գրանցվել:
«Այս տարի համայնքային փուլին մասնակցել են 4000-ից ավելի երեխաներ: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եզրափակչի մասնակից թիմերը շատ մարտական էին տրամադրված: Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մրցավարությանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվեց 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:
Պարգևատրվեցին նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ:
Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվեցին դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։