
Վարդան Ղուկսայանը մանրամասներ է ներկայացրել որդու ձերբակալությունից

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն այսօր ձերբակալել են՝ կրտսեր՝ 1.5-ամյա որդու ներկայությամբ։ ABC media–ի հետ զրույցում Ղուկասյանն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել մանկապարտեզի մոտ։
«Այս երկրում ապրել չի լինի։ Որդու ներկայությամբ ո՞նց կարելի է կալանավորել։ Սա պետություն չի, սա աշխատում է իր ժողովրդի դեմ։ Աշխարհում նման բան չկա։ Մենք չգիտենք՝ սրա վերջը ի՞նչ պիտի լինի»,- ասել է քաղաքապետը։
Ղուկասյանի որդին մասնակցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությանը, որից հետո նրան զգուշացրել են՝ կալանավորելու են։ Վարդան Ղուկասյանի խոսքով՝ իր որդու միջոցով նաև փորձում են վախեցնել գյումրեցիներին։
«Ինչքան անեն, այնքան ավելի համառ ենք դառնալու։ Սրանք իրենց գերեզմանն են փորում։ Մարդուն, որ երկիր է կառուցում, աշխատատեղեր է ստեղծում, նման ձևով մոտենալը թուրքական ծրագիր է։ Այլ բացատրություն չեմ տեսնում»,֊ասել է նա։
Վարդան Ղուկասյանը հավելել է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ տարիներ շարունակ ճնշումներ են գործադրվել․ «Տղաս արդեն մի քանի անգամ ձերբակալվել ու ազատվել է՝ առանց որևէ ապացույցի։ Իմ ու եղբորս ճանապարհները փակել են։ Սա սովորական քաղաքացիների նկատմամբ պետական ռեպրեսիաների հերթական դրսևորումն է»,- եզրափակել է Ղուկասյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: